Լեթարգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեթարգիա
Տեսակհամախտանիշ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-9780.79

Լեթարգիա (հին հունարեն՝ λήθη — «մոռացում» և ἀργία — «անգործություն»), լեթարգիկ քուն, հիվանդագին վիճակ, որը նման է քնին։ Բնորոշվում է անշարժությամբ, արտաքին գրգիռների նկատմամբ ռեակցիայի բացակայությամբ և կյանքի արտաքին նշանների ինտենսիվության իջեցմամբ (այսպես կոչված, «Փոքր կյանք» կամ «կարծեցյալ մահ»)։ Սակայն նույնիսկ ամենածանր լեթարգիան կարելի է տարբերել մահից և կանխել կենդանի անձանց թաղումը։ Հանդիպում է հիստերիայի, ընդհանուր հյուծվածության, հոգեկան ուժեղ ցնցումների և այլ դեպքերում։ Լեթարգիայի նոպան սկսվում է հանկարծակի, տևում է մի քանի ժամից մինչև մի քանի օր։ Հիվանդի գիտակցությունը սովորաբար պահպանվում է։ Ընկալում և հիշում է շրջապատը, սակայն ռեակցիան բացակայում է։ Լեթարգիայի սկիզբն ու վերջը, ինչպես նաև տևողությունը, գուշակել հնարավոր չէ։ Այժմ բժիշկները կարողանում են տարբերել լեթարգիական քունը իրական մահից, սակայն «միջոցներ» լեթարգիական քնի դեմ մինչև օրս չկան։

Կյանքում հանդիպում են իրավիճակներ, երբ խիստ դժվարանում է որոշել կյանքի ու մահվան միջև եղած հստակ սահմանը։ Ամենաանհասկանալի իրավիճակներից մեկը, որում կարող է երբևէ հայտնվել օրգանիզմը, և որը աշխարհի գիտնականների կողմից դեռևս չի ստացել քիչ թե շատ հիմնավոր բացատրություն, լեթարգիական քունն է («կեղծ մահ»)։ Այս հիվանդագին վիճակը կոչվում է քուն, քանի որ նրան բնորոշ են մարմնի անշարժությունը, արտաքին գրգռիչների նկատմամբ պատասխան ռեակցիաների բացակայությունը, ինչպես նաև կյանքի արտաքին նշանների դրսևորման կտրուկ անկումը։

Լեթարգիայի ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեթարգիան օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է վտանգի ժամանակ, որի հիմքում ընկած է գենետիկորեն ծրագրավորված հանգստի հնագույն ձևը։ Լեթարգիական քնի շատ դեպքեր եղել են հոգեկան ցնցումների հետևանքով կամ կապված են եղել մարդու համար վտանգ ներկայացնող հանգամանքների հետ։ Հանկարծակի քուն մտնելով, մարդը, բառի բուն իմաստով, փրկվում է դաժան իրականությունից՝ առանց դա գիտակցելու։ Լեթարգիայի նոպաները ունեն տարբեր պատճառներ, օրինակ՝ նյարդային ուժեղ սթրեսը, ուշագնացությունը, հիստերիկ շոկը, ծխախեղդը և այլն։ Քնի տևողությունը կարող է լինել տարբեր՝ մի քանի ժամ կամ տասնյակ տարիներ։

Ֆիզիոլոգիական քունը և հիսթերիկ լեթարգիան ոչ մի ընդհանրություն չունեն։ Էլեկտրաուղեղագրությունը (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) ցույց է տվել, որ նոպայի ժամանակ հիվանդը որոշ ժամանակ քնում է իր բնական քնով, քնի այդ ձևը անվանում էին «քուն քնի մեջ»։ Էլեկտրաուղեղագիրը ֆիքսում է ուղեղի աշխատանքը, որը համապատասխանում է արթուն վիճակին, ուղեղը արձագանքում է արտաքին ազդակներին, սակայն քնածը չի արթնանում։ Հիվանդին ստիպողաբար դուրս բերել լեթարգիական վիճակից հնարավոր չէ, այն ավարտվում է նույնքան անսպասելի, ինչպես սկսվում է։ Երբեմն նոպան կարող է կրկնվել։ Այս պարագայում հիվանդը բնորոշ նշաններից զգում է մոտալուտ նոպան։ Քանի որ նոպան մշտապես արտահայտվում է էմոցոնիալ ուժեղ լարվածությամբ և նյարդային ցնցումներով, դրա համար էլ առաջին հերթին դրան արձագանքում է վեգետատիվ նյարդային համակարգը՝ գլխացավերը, թուլությունը, զարկերակային բարձր ճնշումը և մարմնի բարձր ջերմությունը, պուլսի արագացումը, ուժեղ քրտնարտադրությունը։ Մարդը իրեն զգում է ինչպես ֆիզիկական ծանր աշխատանք կատարելուց հետո։ Հոգեկան տրավմաները, որոնք առաջացնում են լեթարգիա, կարող են լինեն շատ ծանր կամ նույնիսկ չնչին։

Լեթարգիայի մասին գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեթարգիական քունը հնագույն ժամանակներից ի վեր լցնում է մարդկանց երևակայությունը։ Գրականության մեջ շատ հայտնի բնութագրումներ կան, օրինակ Պուշկինի, Տոլստոյի ստեղծագործություններում, Շառլ Պերոյի հայտնի «Քնած Գեղեցկուհին» հեքիաթում։ Հեքիաթների և պոեմների հերոսների շարունակական քունը նյարդաբանական կլինիկաների հիվանդների լեթարգիական քնից քիչ է տարբերվում։ Միակ տարբերությունն այն է, որ, ի տարբերություն հերոսների, հիվանդները շնչում են, բայց շատ թույլ, իսկ նրանց սիրտը այնքան կամաց և հազվադեպ է խփում, որ կարելի է մտածել, թե հիվանդը մեռած է։

Հայտնիների մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային ուղեղի ամենախորհրդավոր ու չլուծված հանելուկներից է լեթարգիան կամ լեթարգիական քունը։ «Քնած գեղեցկուհին» հենց այդ «օպերայից» է։ Բայց հեքիաթներում ամեն ինչ լավ է վերջանում։ Իրական կյանքում երբեմն լինում է հակառակը։ Ամենատարածված պատմությունը կապված լեթարգիայի հետ սկսվել է 1898 թվականին։ Ալթայից մի գյուղացի` Վ.Կաչալկինը քնել է երկու տասնամյակ։ Նրան տեղավորեցին առողջարանում։ Այդ ամբողջ ժամանակ նա անշարժ պառկած էր։ Հիվանդին զննում էր ռուս հայտնի ֆիզիոլոգ Ի. Պ. Պավլովը։ 1918 թվականին նա գրել է. «Տղամարդը 60 տարեկան է, 22 տարի պառկելով հիվանդանոցում ինչպես կենդանի դիակ, առանց փոքր-ինչ ինքնուրույն շարժման, առանց մի խոսքի, վերջին տարիներին սկսեց շարժվել։ Հիմա նա անկողնուց վեր է կենում, խոսում է շատ ու խելամիտ։ Անցյալի մասին ասում է, որ ամեն ինչ հասկանում էր, թե ինչ էր կատարվում իր շուրջը, բայց մկաններում ծանրություն էր զգում և շնչելն էլ դժվար էր։ Դա էր պատճառը, որ նա չէր շարժվում, չէր ուտում ու չէր խոսում։ Հիվանդությունն սկսվել էր մոտ 35 տարեկանից»։ Սա նկարագրում է համաշխարհային ճանաչում ունեցող, հմուտ ու պրոֆեսիոնալ բժիշկը։ Իսկ ահա, ինչ է մտածում այդ մասին ամերիկյան հայտնի գրող Էդգար Ալան Պոն. «Մարդուն երբևէ բաժին հասած ամենասարսափելի փորձությունը կենդանի թաղվելն է։ Ոչ ոք չի ժխտի, որ այդպես հաճախ է պատահում»։ Սա հատված է գրողի «Անժամանակ թաղում» պատմվածքից։ Այնուհետև Էդգար Պոն կենդանի թաղվածների մասին պատմում է երկու իրական պատմություն, որոնք տեղի են ունեցել քսաներորդ դարի առաջին կեսին։

«Բալթիմորյան փաստաբանի կինը հիվանդացավ անհասկանալի մի հիվանդությամբ, որը բժիշկներին դրեց փակուղու առաջ։ Դժբախտը օր-օրի թոշնեց ու մահացավ։ Նա պառկած էր սառը, առանց պուլսի, անշարժ ու անկենդան հայացքով։ Մահը կարծեցյալ էր, բայց ոչ սիրող ամուսինը, ոչ էլ հարազատները դա չէին կարող տարբերակել։ Երեք օր անց, ինչպես հարկն է, նրան թաղեցին ընտանեկան դամբարանում։ Անցավ երեք տարի։ Մահացավ ևս մեկ հարազատ։ Դամբարանը բացեցին, որպեսզի դագաղը դնեն այնտեղ։ Երբ ամուսինը բացեց դուռը նրա վրա ընկավ դեռևս չփտած պատանքի մեջ գտնվող կնոջ կմախքը։ Ոստիկանությունն անցկացրեց հանգամանալի հետաքննություն և որոշեց, որ «մահացածը» թաղումից երկու օր հետո արթնացել է։ Սկզբում նա պայքարել է դագաղի մեջ, այն ընկել է գետնին։ Դուրս պրծնելով ջարդված դագաղից, կինը փորձել է դրա կտորներով հարվածել դամբարանի երկաթյա դռանը։ Ամբողջովին թուլանալով առանց ջրի ու սննդի, նա կորցրել է գիտակցությունը, փաթաթվել է պատանքին ու ընկել դռան բռնակին։ Հենց այդ դրությամբ էլ մահացել է ու փտել»։

Երկրորդ պատմությունը ոչ պակաս սարսափելի է, քան առաջինը։ «Հրետանային սպային ձին գետին է գլորում, գլուխը հարվածում է քարին և նա կորցնում է գիտակցությունը։ Բժիշկները ձեռնարկում են հնարավոր միջոցները, բայց ամեն ինչ անցնում է ապարդյուն։ Տուժածին համարում են մեռած և համապատասխան ժամանակ անց թաղում են։ Դեպքը տեղի էր ունեցել շոգ ամռանը և ամենայն հավանականությամբ գերեզմանափորները արևի տապից հոգնած իրենց գործն արել են անբարեխիղճ ձևով և դժբախտի դագաղը թաղել շատ անփութորեն։ Երեք օր հետո, երբ գերեզմանոցում տեղի էր ունենում մեկ այլ թաղում, շտակիցներից մեկը, որ կանգնել էր քիչ հեռու, հանկարծ զգում է, որ ոտքերի տակ հողը շարժվում է։ Նա վախեցած մի կողմ է քաշվում ու կանչում մարդկանց։ Դա այն տեղն էր, որտեղ թաղվել էր վերջերս մահացած սպան։ Բահերը վերցնելով քանդում են այն, պարզվում է փոսը խորը չէր, և հենց այնպես լցված է փափուկ հողով։ «Մեռածը» նստած էր դագաղի մեջ, կափարիչը պոկված ու բարձրացված էր։ Երբ տղամարդուն հասցրին հիվանդանոց, նա պատմեց, որ երբ արթնացավ, նույնիսկ գլխավերևում լսում էր մարդկանց քայլերի ձայնը։ Երևում է հողն այնքան փխրուն է եղել, որ օդը հանգիստ թափանցել է ներս։

Պայքարի ժամանակակից և հնագույն մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտրվելով արտաքին աշխարհի խնդիրներից, հիվանդը անգիտակցաբար քուն է մտնում։ Մինչև Էլեկտրաուղեղագրի՝ ուղեղի կենսահոսանքների գրանցող սարքի հայտնագործումը, հնարավոր է, որ մարդկանց կենդանի թաղել են լեթարգիական քնի նոպայի ժամանակ։ Դա բնավ զարմանալի չէ, քանի որ հիվանդության ծանր դեպքերի ժամանակ քնածը կյանքի որևէ նշան ցույց չի տալիս, իզուր չէ, որ լեթարգիան հունարենից թարգմանաբար նշանակում է «կեղծ մահ» կամ «փոքր կյանք»։ Մեր օրերում Անգլիայում դեռևս օրենք կա, որ դիահերձարաններում զանգակներ են կախում, որպեսզի հանկարծակի վերակենդանացող «հանգուցյալը» հայտնի այդ մասին[1]։

Մեր ժամանակակից բժշկության պայմաններում այդպիսի բացթողումներ, որոնք նշված էին պատմություններում գործնականում անհնար են։ Ինչքան էլ լեթարգիական քունը խորը լինի, մասնագետը միշտ կարող է տարբերակել՝ մարդը մեռած է, թե լեթարգիայի մեջ։ Չէ՞ որ վերջինիս դեպքում օրգանիզմում կյանքի համար անհրաժեշտ պրոցեսները չեն դադարում։ Սիրտն աշխատում է, բայց կծկումերը մեկ րոպեում ոչ թե վաթսուն-ութսունն են, այլ միայն երկու- երեք անգամ։ Դրանք էլ շատ թույլ են և հազիվ նշմարելի։ Շնչառությունը գործնականում չի զգացվում, իսկ բերանին մոտեցրած հայելին չի քրտնում։ Մարմինը սառչում է, որովհետև արյան շրջանառությունը դանդաղում է։ Արդյունքում մարդը հայտնվում է կյանքի ու մահվան մեջտեղում։ Բայց ուղեղը, լյարդը և կյանքի համար կարևոր մյուս օրգաններն ապրում են։ Իսկ թե երբ նրանք լիովին կվերականգնեն իրենց ֆունկցիաները, ոչ մեկին հայտնի չէ։

Հետաքրքիր է այն փաստը, որ լեթարգիայի ժամանակ մարդու հոգեկան կառուցվածք արգելափակվում է։ Հիվանդի մտավոր ունակությունները չեն զարգանում, ինտելեկտը մնում է նույն մակարդակին։ Կենսաբանական տարիքը նույնպես կանգ է առնում։ Ճիշտ է, արթնանալուց հետո ծերացման պրոցեսն ընթանում է շատ արագ և կարճ ժամանակ անց իրական տարիքը սկսում է արտացոլվել նրանց դեմքին։

Լեթարգիական քնի բնութագրիչ նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի ֆիզիոլոգիական դրսևորման՝ նյութափոխանակության, սրտխփոցի հաճախականության, շնչառության, զարկերակային ճնշման իջեցումը, անշարժունակությունը, ցավի և ձայնի նկատմամբ ռեակցիայի բացակայությունը նշաններ են, որոնք բնութագրում են լեթարգիան։ Երկար ժամանակահատվածում մարդը չի ուտում, չի խմում, տեղի է ունենում քաշի անկում, ջրազրկում։

Կան երկարաժամկետ լեթարգիայի դեպքեր, երբ պահպանվում է սնունդ ընդունելու ֆունկցան։ Երկարաժամկետ լեթարգիայի ժամանակ մտավոր զարգացումն արգելափակվում է։ Բուենոս-Այրեսում վեցամյա մի աղջիկ ընկավ լեթարգիական քնի մեջ, որը տևեց քսանհինգ տարի։ Արթնանալով արդեն որպես հասուն կին, նա հարցրեց, թե որտե՞ղ են իր տիկնիկները։ Հաճախ լեթարգիան կանգնեցնում է ֆիզիկական զարգացման ընթացքը։ Բրյուսելի բնակչուհի Բեատրիսա Գյուբերը քնել էր քսան տարի։ Արթնանալով, նա նույնքան երիտասարդ էր, որքան լեթարգիայից առաջ։ Ճիշտ է, այդ հրաշքը երկար չտևեց, մեկ տարվա ընթացքում նա վերականգնեց իր ֆիզիկական տարիքը, այսինքն ծերացավ քսան տարով[2]։

Քու՞ն, թե՞ կոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետք է տարբերել լեթարգիական քունը կոմայից և ուրիշ (նարկոլեպսիա, էպիդեմիկ էնցեֆալիտ) հիվանդություններից։ Դա հատկապես կարևոր է, որովհետև դրանց բուժման մեթոդներն էապես տարբերվում են։ Կոման հիվանդի սուր զարգացող ծանր վիճակն է, որին բնորոշ են գիտակցության կորուստը, կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների ճնշվածությունը, ռեֆլեքսների և արտաքին ազդակների նկատմամբ ռեակցիաների բացակայությունը։ Տեղ են գտնում նաև արյան շրջանառության և շնչառության աճող խանգարումները։ Կոման ինքնուրույն հիվանդություն չէ։ Այն առաջանում է ԿՆՀ ֆունկցիաների արտահայտված փոփոխություններով՝ հիվանդությունների բարդացման կամ գլխուղեղի (ծանր գանգուղեղային տրավմա) հատվածների վնասման հետևանքով։ Ի տարբերություն լեթարգիական քնի, կոմայի ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել ակտիվ բժշկական միջոցառումներ, պաշտպանելու համար մարդու օրգանիզմի կենսական կարևորագույն ֆունկցիաները։ Լեթարգիական քնի մեջ գտնվող հիվանդի զննումը, հետազոտումը, անհրաժեշտության դեպքում բուժումն անհրաժեշտ է անցկացնել մասնագիտացված բժշկական հաստատություններում, որպիսին հանդիսանում է «Բարվիխա» կլինիկական առողջարանը (գյուղ Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջանի կազմում)[3]։

Ինչու և ինչից է առաջանում լեթարգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից բժշկությունը լեթարգիայի պատճառը համարում է ծանր հոգեկան տրավմաները։ Այդ դեպքում լեթարգիական քունը հանդես է գալիս որպես ինքնապաշտպանության յուրահատուկ ձև։ Օրգանիզմին անհրաժեշտ է լինում հաղթահարել ծայրագույն ստրեսային իրավիճակը և միացնում է պաշտպանական մեխանիզմները։ Այդպիսի քունը երկարատև չի լինում։

Լեթարգիայի մյուս պատճառը կարող է լինել ուղեղի օրգանական հիվանդությունը։ Այդպիսի քնի յուրահատուկ ձև դիտարկվում է այսպես կոչված կատատոնիայի՝ նյարդահոգեբանական հիվանդության ժամանակ, որը հանդիպում է շիզոֆրենիայով տառապող հիվանդների մոտ։

Ոչ մի մարդ ապահովագրված չէ սթրեսներից և ուժեղ նյարդային ցնցումներից։ Ճշմարիտ է, կան շատ դիմացկուն մարդիկ, սակայն նրանք էլ ունեն իրենց աքիլեսյան գարշապարը, որի վնասումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական շոկի։ Արդյոք բոլոր մարդիկ հակվա՞ծ ենք լեթարգիական քնի։ Լեթարգիական քնի մեջ կարող են ընկնել առողջ, բայց յուրահատուկ մտածողությամբ մարդիկ։ Եթե մարդը շատ խոցելի է, ունի հեշտ գրգռվող ներաշխարհ, չափազանց կասկածամիտ է, ապագայի նկատմամբ անվստահ, մշտապես նյարդային է, նրան տանջում են մռայլ, կպչուն մտքերը, ապա մեկը տասը հազարի հավանականությամբ կարծեցյալ մահը կարող է հարուցվել այն բոլոր իրադարձությունների շարքում, որոնք պահանջում են հսկայական նյարդային լարվածություն։

Լեթարգիան ուղղակիորեն կապված է մարդու ուղեղի գործունեության հետ, որի հիմնական խնդիրը մեր օրգանիզմը նորմալ, աշխատանքային վիճակի մեջ պահպանելն է։ Եթե սև ու քայքայիչ մտքերը սկսում են գերակայել, ապա այն ցանկացած եղանակով ստիպված է փրկել իրեն և ենթակա օրգանները։ Լեթարգիական քունը այդ եղանակներից մեկն է։ Հոգեկան հավասարակշռությունը, հանգիստը, կյանքի նկատմամբ թեթև վերաբերմունքը, միշտ ապահովում են մեզանից յուրաքանչյուրին այդ տհաճ ու քիչ ուսումնասիրված հիվանդությունից, ինչպիսին լեթարգիան է և տալիս են այս գեղեցիկ աշխարհում երջանիկ ու անխռով կյանքով ապրելու հնարավորություն[4]։

Տաֆոֆոբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտակցված կերպով կենդանի թաղումը քրեորեն պատժելի է և համարվում է առանձնահատուկ դաժանությամբ կատարված սպանություն։ Մարդկային տարածված ֆոբիաներից մեկը կոչվում է տաֆոֆոբիա։ Սա այն վախն է, երբ մարդը վախենում է սխալմամբ, ոչ գիտակցաբար, ողջ-ողջ թաղվելուց։ Իրականում այժմ մարդն այդպիսի հնարավորություն չունի, ժամանակակից գիտությանը հայտնի են մեթոդներ, որոնք որոշում են մարդու իրական մահը։ Առաջինը՝ եթե բժիշկները կասկածում են, որ մարդը լեթարգիական քնի մեջ է գտնվում, ապա կատարում են էլեկտրասրտագրություն և էլեկտրաուղեղագուրություն, ինչով որոշվում է սրտի գործունեության ու ուղեղի ակտիվությունը։ Եթե մարդը կենդանի է, ապա նշված հետազոտությունները արձանագրում են արդյունք, անգամ եթե հիվանդը չի արձագանքում արտաքին ազդակներին։ Այնուհետև բժշկական փորձագետները անցկացնում են մարմնի քննություն, մահվան ախտանիշներ հայտնաբերելու նպատակով։ Դրանք կարող են լինել կյանքի հետ անհամատեղելի օրգանների վնասումները (օրինակ՝ գանգուղեղային վնասվածք ), մարմնի փայտացումը, թարախակալման նշանները, դիակային ցաները։ Բացի այդ մարդը դիարանում մնում է մեկ-երկու օր, որի ընթացում կարող են ի հայտ գալ այդ նշանները։ Եթե ի հայտ են գալիս կասկածներ, ապա ստուգվում է կաթիլային արյունահոսությունը, անցկացվում է արյան քիմիական հետազոտություն։ Բացի այդ, բժիշկները ստուգում են հիվանդի առողջական վիճակի ընդհանուր պատկերը՝ եղե՞լ են այնպիսի նշաններ, որոնք կարող են վկայել այն մասին, որ հիվանդը կարող էր ընկնել լեթարգիական քնի մեջ։ Ասենք՝ հիստերիկ նոպաներ, քաշի անկում, գլխացավեր, թուլություն, զարկերակային ճնշման իջեցում[5]։

Միֆ և իրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեր շարունակ լեթարգիական քունը պարուրված էր միստիկայի, խորհրդավորության ու սարսափի շղարշով։ Վախը, որ կքնեն լեթարգիական քնով և կթաղվեն ողջ-ողջ, այնքան տարածված երևույթ էր, որ անցյալ դարում Գերմանիայի բոլոր մեծ գերեզմանատների մոտ կային «նախնական հանգստարաններ»։ Բայց Մյունխենի հնագույն հանգստարանում չի արձանագրվել այնտեղ գտնվող մեռածների վերակենդանացման որևէ դեպք[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 518