«Hit Me Hard and Soft» (հայերեն՝ Հարվածիր ինձ ուժեղ և մեղմ), ամերիկացի երգչուհի և երգահան Բիլլի Այլիշի երրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2024 թվականի մայիսի 17-ին՝ Darkroom և Interscope Records լեյբլների միջոցով։ Սա նրա առաջին ստուդիական ալբոմն է 2021 թվականի «Happier Than Ever» ալբոմի թողարկումից հետո։ Այլիշը ալբոմը գրել է իր եղբոր՝ Ֆինիս Օ'Քոնելի հետ, ով նաև զբաղվել է ալբոմի արտադրությամբ։ Ալբոմի ժանրերն են ալտերնատիվ փոփն ու բեդրում փոփը[1]։
Ալբոմը զբաղեցրել է 20 երկրների ազգային չարթերի առաջին հորիզոնականը։ ԱՄՆ-ում ալբոմը դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի երկրորդ հորիզոնականում, իսկ ալբոմի 10 երգ ընդգրկվել է Billboard Hot 100 չարթի թոփ 40-ում։ «Lunch» երգը թողարկվել է որպես ալբոմի գլխավոր սինգլ։ «Birds of a Feather» երգը թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ և գրանցել է առևտրային մեծ հաջողություն՝ զբաղեցնելով Billboard Hot 100 չարթի երկրորդ հորիզոնականը և ընդգրկվելով տարբեր չարթերի թոփ 10-ում։ Ալբոմի առաջխաղացման համար Բիլլին հայտարարել է իր յոթերորդ՝ «Hit Me Hard and Soft: The Tour» համերգային շրջագայությունը, որը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերի 29-ին։
2021 թվականի դեկտեմբերին Բիլլին և Ֆինիսը սկսել են մտքեր փոխանակել՝ կապված Բիլլի երրորդ ստուդիական ալբոմի հետ[2]։ Apple Music-ին տված հարցազրույցի ժամանակ Բիլլին ասել է, որ հույս ունի 2023 թվականին սկսել գրել ալբոմը[3]։ 2023 թվականի դեկտեմբերին Բիլլին «Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուի» ժամանակ հայտարարել է, որ ալբոմը գրեթե պատրաստ է[4]։ Երեք ամիս հետո նա հաստատել է, որ ալբոմի նախնական տարբերակը պատրաստ է[5]։
Ալբոմի շապիկը, որը լուսանկարել է ստորջրյա լուսանկարիչ Ուիլյամ Դրամը[6], պատկերում է Այլիշին, որը դռնից ընկնում է մուգ կապույտ ջրի մեջ։ Նկարահանումը տևել է վեց ժամ, որի ընթացքում Այլիշը անընդհատ երկու րոպե սուզվել է ջրի մեջ` ուսերին ծանր բեռով և առանց ակնոցների կամ քթի խցանների[7]: Այլիշը այն նկարագրել է որպես իր կյանքի ամենացավալի փորձառություններից մեկը[8][7]։
2024 թվականի ապրիլին տարբեր լրատվական հոդվածներ հաղորդել են, որ նկատվել են ալբոմի երգերից հատվածների վահանակներ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում[9], չնայած, դրանցում չէին նշվում արտիստի անունը, սակայն նկատվել է Բիլլիին բնորոշ՝ «blohsh» նշանը[10][11]։ Գովազդային վահանակներում գրված էին «She's the headlights I'm the deer» կամ «Did I cross the line?» տողերը[12]։ Բիլլին փոխել է իր սոցիալական հարթակների գլխավոր լուսանկարը կապույտ գույնով և կիսվել է մեկ այլ նկարով՝ «Do you know how to bend?» գրվածքով[13]։ Այնուհետև, Բիլլին իր բոլոր ինստագրամյան հետևորդներին ավելացրել է իր սթորիների՝ «մոտ ընկերներ» բաժնում[14][15]։ 2024 թվականի ապրիլի 29-ին Բիլլին հայտարարել է իր յոթերորդ՝ «Hit Me Hard and Soft: The Tour» շրջագայության մասին, որը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին Քվեբեկում[16]։
2024 թվականի ապրիլի 13-ին Այլիշի ալբոմի «Lunch», «L'Amour de Ma Vie» և «Chihiro» երգերը հնչել են «Քոուչելլա» ամենամյա փառատոնի դիջեյ սեթի ժամանակ[17]։ Ապրիլի 24-ին Rolling Stone-ին տված հարցազրույցի ժամանակ նա հայտնել է, որ ալբոմի թողարկումից առաջ սինգլներ չի ներկայացնելու[18]։ Մայիսին «Chihiro»-ն ընդգրկվել է «Fortnite» խաղի թրեյլերում[19][20]։ «Birds of a Feather» երգը հնչել է Netflix-ի «Սրտի թրթիռը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի գովազդային հոլովակում[21]։ Մայիսի 15-ին և 16-ին, Այլիշը երկրպագուների համար ալբոմի լսման երեկո է կազմակերպել Բրուքլին թաղամասի Բարքլեյս սենթրում և Ինգլվուդ քաղաքի Կիա ֆորումում[22]։
«Hit Me Hard and Soft»-ը թողարկվել է 2024 թվականի մայիսի 17-ին։ Ալբոմը հասանելի է կասետ, CD, թվային ներբեռնում, սթրիմինգ և վինիլ LP տարբերակներով[23]։ Ալբոմի թողարկման հետ միասին Lunch-ը թողարկվել է որպես ալբոմի գլխավոր սինգլ[24]։ «L'Amour de Ma Vie (Over Now)» երգի երկարատև տարբերակը թողարկվել է որպես գովազդային սինգլ մայիսի 22-ին[25]։ Մայիսի 19-ին և 22-ին թվային ներբեռնման տարբերակով թողարկվել են ալբոմի մեկուսացված վոկալ, դանդաղեցված և ռեվերբ (Slowed & Reverb) և արագացված (Sped Up) տարբերակները[26][27]։ Հունիսի 6-ին թողարկվել է «Chihiro» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը անձամբ Բիլլին է[28]։ Հուլիսի 2-ից «Birds of a Feather»-ը ուղարկվել է ամերիկյան ժամանակակից հիթերի ռադիո՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ[29][30]։
Ալբոմի թողարկման օրը, «Hit Me Hard and Soft»-ը Spotify հարթակում 72,7 միլիոն անգամ ունկնդրել են, ինչը Այլիշի ամենամեծ սթրիմինգային օրն է հարթակում։ Իսկ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում այն ունկնդրել են 500 միլիոն անգամ, որը Այլիշի լավագույն սթրիմինգային շաբաթն է[31]։ Մոտ երկու մասում ալբոմը լսել են 2 միլիարդ անգամ, որը նման արդյունք գրանցած Այլիշի ամենաարագ նախագիծն է [32]։
«Hit Me Hard and Soft»-ը դեբյուտ է կատարել ամերիկյան Billboard 200 չարթի երկրորդ հորիզոնականում՝ թողարկման առաջին շաբաթում վաճառվելով ալբոմի 339,000 օրինակ, իսկ մաքուր վաճառքը կազմել է 191,000 օրինակ։ Չնայած, որ սա Այլիշի առաջին ստուդիական ալբոմն է, որը դեբյուտ չի կատարել չարթի առաջին հորիզոնականում, սակայն այն հանդիսանում է թողարկման առաջին շաբաթում նրա ամենաշատ վաճառված ալբոմը[33]։ Ալբոմի բոլոր 10 երգերը դեբյուտ են կատարել ամերիկյան Billboard Hot 100 չարթի թոփ 40-ում[34]։
Մեծ Բրիտանիայում ալբոմը դեբյուտ է կատարել բրիտանական UK Albums Chart չարթի առաջին հորիզոնականում՝ 67,100 վաճառքով, որը նրա ամենաշատ վաճառված ալբոմն է տարածաշրջանում։ Այն նաև երկրորդ ամենաշատ վաճառված ալբոմն է Մեծ Բրիտանիայում 2024 թվականին[35]։
↑"Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202421 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data.